G20-ի գագաթնաժողովը կավարտվի առանց համատեղ հայտարարության՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ երկրների միջև տարաձայնությունների պատճառով

Armenpress 16:39, 18 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեծ 20-յակի» երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների միջև երկօրյա բանակցությունները հուլիսի 18-ին կամփոփվեն՝ առանց համատեղ հայտարարության։ Պատճառն այն է, որ երկրների միջև տարաձայնություններ կան Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանդիպումը նախագահող հնդիկ պաշտոնյաների։

Աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, նշել է, որ արևմտյան երկրների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հանդես են եկել Ռուսաստանին խստորեն դատապարտելու օգտին, մինչդեռ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են եղել նման քայլին։

Այսպիսով, Հնդկաստանին՝ որպես հյուրընկալող երկիր, չի հաջողվել վերջնական հայտարարություն կազմել, որն ընդունելի կլինի G20-ի բոլոր անդամների համար, քանի որ որոշ երկրներ պնդել են, որ հակամարտությունն անվանվի պատերազմ, իսկ Ռուսաստանն այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am