«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի «Գաֆեսճեան» քանդակների պուրակում կայանալիք «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով

Armenpress 19:25, 13 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, համերգը կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավոր, ստանձնել է Երևանում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների կյանքի կոչման աջակցությունը:

Ըստ աղբյուրի՝ «Սիմֆոնիկ Երևան» դասական երաժշտության բացօթյա գալա համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Ուիլյամսի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝  գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am