Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին

Armenpress 18:04, 11 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է։

Տիրան Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլեւ հասարակությանը մոլորեցնելու առերեւույթ նպատակ են հետապնդում:

«Խաչատրյանի կեղծ ձեւակերպումները, թե իբրեւ բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ:

Ակնհայտ սուտ տեղեկատվությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաեւ իր նախկին վերադասի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարություններին: Տիրան Խաչատրյանը մտացածին եւ անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է Կառավարության պակաս հատկացումների պատճառով:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հատկացրել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ Կառավարությունները նույն նպատակի համար ծախսել են 354 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկու տարում իրականացվել է  նախորդող 10 տարվա ձեռքբերումների ծավալի գրեթե կրկնակին»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am