Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ

Armenpress 15:03, 21 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝  արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը հասել է կարևոր համաձայնության։ 

«Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ մնացած հարցերի շուրջ փակագծեր չի բացի, որովհետև վերջնական կոնսենսուս չկա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am