Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ ընդհանուր փոխըմբռնման մասին երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում

Armenpress 10:57, 3 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ:Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին:Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am