Նախագահն ու ԱԺ-ն կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևին

Armenpress 14:25, 29 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդամենը օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները լուծարելու վերաբերյալ     նախօրեին Ալիևի արած հայտարարության:

«Միաժամանակ, նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները:

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը:

Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով , որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը Բերձորում հայտարարել էր թե, «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am