Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել նախագահական ընտրություններում

Armenpress 13:51, 20 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ մայիսի 20-ին, մեկնարկել է արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից (ՅՍԿ) հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:

Հանրապետության սահմանային, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում հնարավոր կլինի  քվեարկել մինչև մայիսի 28-ը՝ ժամը 17: 00-ն:

Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական ներկայացուցիչների կողմից՝ անվտանգության բարձր մակարդակով։

Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28 -ին՝ ժամը 17: 00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am