«Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Armenpress 00:52, 17 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջին կեսում «Ինտեր»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը և «Միլան»-ի մեկ գրոհին, պատասխանում էր 2-3-ով: Սակայն գրոհներն իրենց ցանկալի արդյունքը չէին տալիս: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի վերջնամասում փոխարինվեց վնասվածքի պատճառով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն «Ինտեր»-ը հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն հակագրոհում էր: Եվ նման մի գրոհի ժամանակ` 75-րդ րոպեին, Լաուտարո Մարտինեսը դիպուկ հարվածով գրավեց «Միլան»-ի դարպասը:

«Ինտեր»-«Միլան»`1:0:

 Երկու խաղերի ընդհանուր 3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am