«Դոմոդեդովո» օդանավակայանում ոսկու խոշոր մաքսանենգություն է կասեցվել

Armenpress 12:47, 16 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու ձուլակտորներով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

««Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանով ոսկու ապօրինի տեղափոխման փորձը: Ռուսաստանի Դաշնության տարածքից մեկնելու փորձ կատարած անձի մոտ հայտնաբերվել է անձնական իրերի մեջ թաքցված ոսկու երկու ձուլակտոր՝ ավելի քան 24 կիլոգրամ ընդհանուր քաշով: Դրանց գնահատված արժեքը գերազանցում է 126 միլիոն ռուբլին», - հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը։

Հարուցվել է գործ`առանձնապես խոշոր չափով ռազմավարական նշանակության ապրանքների և ռեսուրսների մաքսանենգության վերաբերյալ (ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մաս): Տղամարդուն ձերբակալել են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am