Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո Բուդապեշտում առաջին անգամ Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել

Armenpress 17:39, 24 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուդապեշտի Բելվառոշ թաղամասի Սուրբ Միխա եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո սա Հունգարիայում անցկացված առաջին նմանատիպ միջոցառումն էր։

Միջոցառմանը մասնակցում էին Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Հունգարիայի խորհրդարանի և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Գեղարդ երգչախմբի համերգը՝ եվրոպական և հայկական միջնադարյան հոգևոր ստեղծագործությունների կատարումներով։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ: Պատճառը 2004-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքից հետո Հունգարիայում իր պատիժը կրող Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելն էր:

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հանդիպել էին Լոձում և պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am