Ծանրորդը Գարիկ Կարապետյանը Եվրոպայի ոսկե մեդալը համարում է ամբողջ հայ ազգի նվաճումը

Armenpress 17:33, 22 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվիրում է ամբողջ հայ ազգին:

«Այս մեդալը նվիրում եմ ամբողջ հայ ազգին: Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ինձ համար ամեն ինչ է: Ինձ համար առաջնային այն է, որ կարողացա բարձր պահել հայկական դրոշը: Ձեզ խոսք եմ տալիս, որ անունս դեռ շատ եք լսելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Գյումրեցի ծանրորդն ընդգծեց, որ ինքը պարտական է իր ծնողներին, հավաքականի մարզիչներին ու անձնական մարզիչին այն արդյունքի համար, ինչին հիմա հասել է:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Կարապետյանը: Գարիկ Կարապետյանը պոկում վարժություն երկու հաջող մոտեցում ունեցավ` 172 կգ և 178 կգ: Վերջին մոտեցմամբ հայ ծանրորդը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց (178 կգ): Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 208 կգ, այնուհետև՝ 214 կգ: Այս մոտեցմամբ՝ հրում վարժությունում Կարապետյանը սահմանեց աշխարհի և Եվրոպայի ռեկորդ, իսկ երկամարտի 392 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am