Հայաստանի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն կունենա ապագա միջադեպերը կանխելու համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Armenpress 09:46, 13 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում  հայ զինծառայողների վրա հարձակմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:

«Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։   

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։

Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am