Իրանի պատգամավորները դատապարտել են Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը

Armenpress 17:47, 5 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնազավթված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի պատվիրակի նշանակումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Իրանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ: 

Այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դեսպանատուն է բացել Իսրայելում և «իր դեսպանին ներկայացրել է կեղծ ռեժիմին՝ անհավատալի արարք, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»։

«Ադրբեջանի պաշտոնյաների այս քայլը կհանգեցնի տարբեր բացասական քաղաքական հետևանքների, և մուսուլմանները նրանց կհամարեն ճնշված պաղեստինցիների դեմ կատարած հանցագործություններում սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ», - նշված է հայտարարությունում։

Իրանցի պատգամավորներն արաբական և իսլամական կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը հորդորել են դատապարտել Ադրբեջանի քայլը։

Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դեսպանատան բացմանը Իսրայել էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am