Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում

Armenpress 11:59, 3 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչև 30 տոկոս` մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները։

«Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,- նշեց Սարգսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am