Հայկական BlueQubit ստարտափը հասանելի է դարձնում քվանտային ոլորտը՝ թույլ տալով ցանկացածին կապվել քվանտային համակարգչին

Armenpress 10:36, 22 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական BlueQubit ստարտափը տրամադրում է հարմար հարթակ, որը թույլ է տալիս ցանկացածին մուտք գործել հզոր քվանտային սարքավորում և օգտագործել այն ընդամենը մեկ պարզ հպումով: Ստարտափը լուծում է քվանտային հաշվողական ոլորտի հիմնական խնդիրը՝ քվանտային հավելվածների մշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Google-ի նախկին աշխատակից, իսկ այժմ BlueQubit-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Տեփանյանը նշեց՝ նպատակ ունեն քվանտային հաշվողականությունը հասանելի դարձնել բոլորին: 

«Ավանդական քվանտային հաշվողական համակարգերը կարող են բարդ լինել օգտագործման համար, ինչը ծրագրավորողների համար դժվարացնում է քվանտային ալգորիթմների ստեղծումն ու փորձարկումը: BlueQubit-ը նպատակ ունի լուծել այս խնդիրը՝ տրամադրելով հարմար հարթակ, որը թույլ է տալիս բոլորին մուտք գործել հզոր քվանտային սարքավորում և օգտագործել այն: Հասանելի դարձնելով մուտքը քվանտային համակարգիչ՝ ծրագրավորողները և հետազոտողները կկարողանան լուծել ավելի բարդ խնդիրներ, ինչը կարող է հանգեցնել գիտական առաջընթացի»,- ասաց Տեփանյանը: 

Նրա խոսքով՝ քվանտային համակարգիչների կիրառմամբ՝ աճում է դրված խնդրի լուծման արագությունը: 100 կամ 1000 անգամն էլ, գուցե, քիչ է նկարագրելու այն: Խնդիրները, որոնք չի լուծի սովորական համակարգիչը, վստահաբար քվանտայինը կարող է անել: BlueQubit-ի արմատները հենց քվանտային ֆիզիկայից են: 

«BlueQubit-ի նպատակն է ցանկացածի համար հասանելի դարձնել քվանտային հաշվարկը ՝ այն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելով ծրագրավորողների և հետազոտողների համար: Մեր միջոցով նրանք այլևս ստիպված չեն լինի կողմնորոշվել բարդ և օգտագործման համար անհարմար քվանտային հաշվողական համակարգերում: Փոխարենը՝ նրանք կկարողանան մուտք գործել հզոր քվանտային սարքավորումներ ընդամենը մեկ պարզ հպումով: Սա կարող է հանգեցնել քվանտային հավելվածների զարգացման նոր դարաշրջանի, որտեղ ծրագրավորողները կարող են ստեղծել գերժամանակակից ծրագրակազմ ՝ օգտագործելով այն ամենը, ինչ առաջարկում են քվանտային համակարգիչները»,- նշեց Տեփանյանը: 

Տեփանյանը պատմեց, որ հարթակը մշակվել է իր և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում  և Սթենֆորդի համալսարանում գիտական որակավորում ստացած Հրանտ Ղարիբյանի կողմից: Նրա խոսքով՝ հարթակից օգտվելը շատ պարզ է, եթե լավ պատկերացում չունեք, ապա հարթակը տեղեկությունների լայն պաշար է տրամադրում: 

Համահիմնադրի խոսքով նմանօրինակ ստարտափները բարդ են, իսկ իրենց մոտ ամեն ինչ շատ պարզ է կատարվում: Հարթակի դիզայնը թույլ է տալիս ինժեներներին և հետազոտողներին արագ փորձարկել քվանտային ալգորիթմները, ինչպես նաև թույլ է տալիս անխափան և արդյունավետ մուտք գործել քվանտային համակարգիչներ:

Հարթակը ներդրումներ է ստացել հայկական BigStory VC և Formula VC-ից, ներդրումներ են ներգրավել Սիլիկոնյան հովտից և հրեշտակ ներդրողներից: Թիմում այս պահին 10 հոգի է ներգրավված, մի մասը ծրագրավորողներ են, մյուսը՝ ֆիզիկայի և քվանտային ֆիզիկայի մասնագետներ: 

Ապագայում նպատակ ունեն հարթակի B2B տարբերակը թողարկել, որի օգնությամբ մեծ ընկերությունները կխնայեն և՛ գումար, և՛ ժամանակ բարդ խնդիրներ լուծելիս: Ստարտափի հիմնադիրները կարծում են, որ իրենց շնորհիվ շատ մարդիկ կզբաղվեն ու կհետաքրքրվեն ոլորտով: 

Կարինա Տերտերյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am