Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

Armenpress 11:19, 19 Մարտ, 2023

ԳՅՈՒՄՐԻ,  19 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Պրոգրես» համալսարանի և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացի ուսանողները սովորում են Գյումրու «Պրոգրես» համալսարանում, իսկ ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի» բժշկական կենտրոնում:

Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց, որ  բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը:

Բուհում այս պահին  սովորում են 10 երկրների (Նիգերիա, Եթովպիա, Բանգլադեշ, Կամերուն, Շրի Լանկա, Հնդկաստան և այլն) 120 ուսանողներ, սակայն այդ թիվը գնալով ավելանալու է: «Ուսանողների ամենամեծ թվաքանակը Հնդկաստանից է, ևս 150 հնդիկ ուսանողի ենք հրավեր ուղարկել, հիմա սպասում ենք»,- ասում է ռեկտորը։

Մինչ պատրաստ կլինի բուհի հանրակացարանը, ուսանողներն ապրում են հյուրատներում կամ վարձակալած տներում։ Կեցության հարցերով խնդիրներ չկան, միջնորդ կազմակերպություններն են հոգում այդ ծախսերը:

 

Արմենուհի Մխոյան       

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am