Համո Բեկնազարյանի ֆիլմերից մի քանիսը կներկայացվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին

Armenpress 10:42, 10 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո  անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի 1928 թվականին նկարահանված «Տունը հրաբխի վրա» կինոնկարը, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորն ստեղծել է 1942-ին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ընդգծեց՝ «Աշխարհի ողջ հիշողությունը» համարվում է վերականգնված և արխիվային հազվագյուտ ֆիլմերի ամենահեղինակավոր  միջազգային կինոփառատոնը, որը 2023-ին տոնում է 10-ամյակը:  

«Բեկնազարյանի կինոնկարները վերականգնվել են 2022 թվականին: Մեծ աշխատանք ենք տարել: Առաջին անգամ է, որ վերականգնումն ամբողջությամբ իրականացրել են հայ մասնագետները: Համագործակցել ենք Հայաստանի ազգային արխիվի հետ, որտեղից ստացել ենք ժապավենները: Հետագայում թվայնացման գործընթացն է սկսվել. այն արվել է Հանրային հեռուստաընկերությունում: Աշխատել ենք One Man Studio Production-ի հետ:  Իրականում ժապավենները շատ վատ վիճակում էին:  Ֆիլմերի համար նաև հատուկ երաժշտություն է գրվել և ձայնագրվել: Մեզ աջակցել է Հանրային ռադիոն»,-պատմեց Միրզախանյանը:

Նրա խոսքով՝ մեծ պատիվ է, որ Սինեմատեկի նախագահ Կոստա Գավրասը գրել է՝ սիրով մասնակցելու է հայկական ֆիլմերի ցուցադրություններին: «Շատ հուզիչ է, քանի որ լուրջ և պրոֆեսիոնալ հանդիսատեսի ենք ներկայանալու: Կինոփառատոնին մասնակցելու են տարբեր սինեմատեկների ղեկավարներ, արվեստագետներ: Մեզ համար շատ կարևոր է նրանց գնահատականը: Ի վերջո, Բեկնազարյան ենք ներկայացնում»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանն ու հավելեց, որ այդպիսի հարթակներում ցուցադրությունները կնպաստեն հայ կինոյի պատմության վերարժևորմանը, և նման քայլերով մենք կկարողանանք հայկական կինոյի ամբողջ պատմությունը ներկայացնել ու մեծացնել հայկական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am