Քննարկվում Է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը

Armenpress 18:45, 7 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախապատրաստվում է  Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

« Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ներկայումս մշակվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։ Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք առայժմ մանրամասներ չբացահայտել, այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ, պետք է հանգիստ և հանգամանալից  աշխատել դիվանագիտության սկզբունքների վրա», - ասել է Միխայիլ Բոգդանովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ-ում կայացել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները 11 տարվա ընթացքում ։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ այնքան էլ հարփ չեն։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանաբար կարգավորման հնարավորության մասին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am