ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն ընդգծել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը

Armenpress 14:53, 3 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խստորեն հետևելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am