Նիդերլանդցի պատգամավորները երկրի ԱԳ նախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը վերջ դնելու ուղղությամբ

Armenpress 13:14, 27 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի 13 պատգամավորներ երկրի արտգործնախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դեպի Արցախ անխափան ելումուտի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունը:

Պատգամավորներն արտգործնախարար Վոբկե Հոկստրային հորդորել են միանշանակ դիրքորոշում արտահայտել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման առնչությամբ, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Պատգամավորները նաև հարց են ուղղել Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարին այն մասին, թե ինչ քայլեր է Ամստերդամը նախատեսում  ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն իրականացնեն դատարանի որոշումը:

«Պատգամավորները հարցնում են՝ արդյոք նախարարն ի գիտություն ընդունել է այն փաստը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը թվիթերյան սադրիչ գրառումներ է արել «ՀԿ-ի շարունակվող խաղաղ ակցիայի» մասին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի բացարձակ անտեսումը», - գրված է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Ըստ Ֆեդերացիայի՝ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները նաև ցանկանում են տեղեկանալ, թե ինչ քայլեր Նիդերլանդները կձեռնարկի ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ուղղությամբ՝ դատարանի որոշման անհապաղ իրագործման համար:

Հաղորդագրությունում Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների արտգործնախարարությանը՝ օրերս տարածած հայտարարության համար, որով Ադրբեջանին կոչ էր արվում կատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ակտիվ գործունեություն է ծավալում Լաչինի շուրջ ստեղծված իրադրության մասին Նիդերլանդների հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Երկրի խորհրդարանում տեղի են ունեցել մի շարք բանավեճեր, ընդունվել են երկու միջնորդություններ, կազմակերպվել են նաև բողոքի ակցիաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am