Քնի խանգարումների ախտորոշում և բուժում. հայկական SleepDoctor ստարտափը նորարական լուծում է առաջարկում

Armenpress 10:28, 27 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում գործող հայկական նոր ստարտափը՝ SleepDoctor-ը իր նորարարական լուծումներով քնի խանգարում ունեցողներին օգնում է կարգավորել քունը:

Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն: Քնի ընթացքում ուղեղն անջատվում է, հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Իսկ քնի խանգարումներն ազդում են հիշողության, ակտիվության վրա՝ նպաստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը:  

«Քնելն ամենաթերագնահատված խնդիրն է: Մենք լուծելու ենք քնի հետ կապված բոլոր խնդիրները ՝ ախտորոշումից մինչև բուժում: SleepDoctor-ը կայք է, որտեղ կարդում եք քնելու մասին, թեստ հանձնելով հասկանում՝ արդյոք ունե՞ք խանգարում: Արդյունքում հարթակը ճիշտ գնահատական է տալիս քնի վերաբերյալ ձեր ունեցած խնդրին և բուժում առաջարկում: Մեր նպատակն է ամենակարճ ճանապարհով օգնել հայտնաբերել քնի հետ կապված հիվանդությունը ու բուժել այն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց SleepDoctor-ի, Wakie-ի և մի շարք այլ ստարտափների համահիմնադիր Թաթուլ Աջամյանը:

Աջամյանի խոսքով՝ ստարտափի գաղափարը ծագել է իր և Փարիզում բնակվող ընկերոջ՝ Արմեն Վերդյանի հետ մտերմության արդյունքում: Աջամյանը ընդգծում է՝ եթե չլիներ իրենց մտերմությունը, հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ, ստարտափի գաղափարը չէր ծնվի: Մեթյու Ուոքերի «Ինչու ենք մենք քնում» գիրքը կարդալուց հետո երկու ընկերների մոտ քնելու խնդիր ունեցող մարդկանց օգնելու ցանկություն է առաջացել, որն էլ շուտով ստարտափի գաղափարի է վերափոխվել:

«Հասկացանք, որ քնի խանգարման վերաբերյալ թվային կլինիկա չկա: Որոշեցինք ստեղծել առաջին Phygital (physical and digital) հարթակը:  Աշխարհում քնի խանգարումները շատ տարածված են, իսկ միայն ապնոէով՝ քնի շնչդադարով, մոտավորապես մեկ միլիարդ մարդ է տառապում: Սակայն նրանց մոտ 80 տոկոսը ախտորոշում չի անցել։ Ֆրանսիայում ապնոէի ախտորոշումը տևում է 4-6 ամիս, իսկ մենք կարողացանք առաջարկել պրոդուկտ, որը կրճատում է այդ ժամանակը՝ հասցնելով 2-3 շաբաթվա, որը նպատակ ունենք, ավելի կրճատելով, 10 օրվա հասցնել»,- ասաց Թաթուլ Աջամյանը:

Համահինադրի խոսքով՝ հիմա կենտրոնացել են ապնոէի վրա, որը բնորոշվում է քնի ընթացքում շնչառական դադարներով կամ անբավարար շնչառական էպիզոդներով։ 

Ստարտափից օգտվելը  հեշտ է։ Մի քանի գործողություն և անքնության պատճառները հայտնի են։ Ընդամենը պետք է մուտք գործել կայք և պատասխանել հարցերին:

«Միջինում 15 հարցի պատասխանելուց հետո դուք ստանում եք պատասխան․ արդյոք հավանականությունը բա՞րձր է, թե՞ ցածր, որ դուք քնի խանգարում ունեք։ Եթե ցածր է, դուք պարզապես կարող եք ինչ-որ հոդվածներ կարդալ, բայց եթե բարձր է, մենք առաջարկում ենք մեր բժիշկներից մեկի հետ վիդեոխորհրդատվություն։ Դրանից հետո բժիշկն ուղարկում է սարք, որը պետք է ձեր վրա դնեք ու քնեք։  Հետո մենք գալիս ենք, այդ սարքը վերցնում, որին հաջորդում է մյուս խորհրդատվությունը, ու բժիշկն արդեն ասում է՝ ինչ խնդիրներ ունեք և ինչպես դրանք լուծել»,- ներկայացրեց Աջամյանը՝ հավելելով, որ համապատասխան սարքավորումը հենց նրանց համար է, որոնց մոտ ախտորոշվում է ապնոէն:

Ախտորոշումից հետո պացիենտին առաջարկվում է դիմակ, որը օդ է փչում կոկորդի մեջ, թույլ չի տալիս, որ կոկորդը գիշերները փակվի։ Համահիմնադիրը հավելեց նաև, որ սովորաբար ապնոէն կապված է նաև գերքաշի հետ։ Եթե մարդու քաշը նվազի, հնարավոր է ազատվի հիվանդությունից:

Ստարտափն աշխատում է Ֆրանսիայի երեք քաղաքներում՝ Փարիզ, Բորդո, Լիոն, որտեղ մոտ 55 հազար մարդ անցել է SleepDoctor-ի թեստավորման փուլը: Ստարտափի ծառայությունները Ֆրանսիայում մարդկանց համար անվճար են: Աջամյանի խոսքով՝ այլ երկրում այս հարթակը ներդնելու պարագայում պայմանների փոփոխություններ կլինեն: 

Ստարտափն առաջին 6-9 ամիսների ընթացքում սեփական միջոցների հաշվին է ոտքի կանգնել: Դրանից հետո ներդրումներ է ստացել հրեշտակ ներդրողներից, հայկական երկու վենչուրային ֆոնդերից: Ունեն 2 գրասենյակ. Փարիզում՝ բիզնես, օպերացիոն և բժշկական, Երևանում մարքեթինգի և ծրագրավորման աշխատանքներն են իրականացնում: 10 հոգանոց թիմից 6-ը Երևանից են, 4-ը՝ Փարիզից: 

«Զբաղվել եմ տարբեր ստարտափներով, սա իմ առաջին առողջապահական ստարտափն է: Հիմա կարելի է ցանկացած հարց լուծել տարբեր ծրագրերով, տեխնոլոգիաներով, սակայն առողջապահական ոլորտը տարբերվող է: Վերջերս, լինելով Հնդկաստանում, տեսա, որ առողջապահության հետ կապված մի քանի հայկական ստարտափներ կան ու կցանկանամ խրախուսել իմ ընկերներին ու հայկական ընկերություններին, որպեսզի զբաղվեն նման ստարտափներով»,-նշեց Աջամյանը:

Համահիմնադրի խոսքով՝ մարդկանց կյանքի որակը բարձրացնելն իրենց մոտիվացիայի աղբյուրն է: Իրենց գլխավոր նպատակն է դառնալ քնելու խանգարումների վերաբերյալ առաջին թվային կլինիկան: Առաջիկայում այլ երկրներում տարածվելու հեռանկարներ ունեն:  Հիմնական ու վերջնական նպատակն է՝ լուծել քնելու հետ կապված բոլոր խնդիրները: 

Կարինե Տերտերյան 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am