ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին կոչ է արել վերանայել ՌՀՍ-ին մասնակցությունը կասեցնելու որոշումը

Armenpress 17:10, 21 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ափսոսում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍ) մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և Մոսկվային կոչ է անում վերանայել այդ քայլը:

Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: «Ես ափսոսում եմ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար... Կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել այս որոշումը և վերադառնալ գործող համաձայնագրի պահպանմանը», - ասել է նա երեքշաբթի օրը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՌՀՍ-ի վերաբերյալ այս որոշմամբ «վերացվել է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետությունը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3)։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցությունը կասեցնելու մասին է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am