ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Արցախում արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին. ԱՄՆ կոնգրեսական

Armenpress 11:19, 14 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը, և Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։

Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը՝ ԱՄՆ նախագահ «Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am