Մեծ Բրիտանիան կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու նպատակով

Armenpress 14:47, 13 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին այսօր Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։

«Կարծում եմ՝ մենք դիտարկում ենք ցանկացած հնարավորություն: Երբ հարցը վերաբերում է մարդասիրական հանգամանքներին, մենք միշտ ցանկանում ենք անել այն, ինչը կօգնի տեղում… Կառավարությունը կուսումնասիրի այս բոլոր հարցերը, բայց  վստահ եմ, որ որոշումներ կայացնելիս մենք գործողությունները սերտորեն կհամաձայնեցնենք ՆԱՏՕ-ի մեր այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն Է», - ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել Էր լիցենզիա, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և այնտեղից գումարների փոխանցմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am