Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը

Armenpress 13:57, 31 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են 2023 թ.-ին ավելի ընդլայնել համատեղ զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկու երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չժոն Սոպի համատեղ հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարները պարտավորվել են այս տարի ընդլայնել և ուժեղացնել համատեղ զորավարժությունների մակարդակն ու մասշտաբը»,- նշվում է Պենտագոնի կայքում զետեղված հայտարարության մեջ։

Նախարարները համակարծիք են, որ պետք է նկատի առնել փոփոխություններն անվտանգության ոլորտում, ներառյալ` Հյուսիսային Կորեայի վերջին քայլերն իր միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ:

Բացի այդ, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական սպառազինությունների տեղակայման շուրջ։

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հունվարի 31-ին Սեուլում: Սա երկու նախարարների միջև արդեն չորրորդ հանդիպումն է, իսկ 2023 թ.-ին՝ առաջինը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am