Ամերիկացիները 2023 թ. սուրբ Վալենտինի օրվա համար կարող են ծախսել մինչև 26 միլիարդ դոլար

Armenpress 17:46, 30 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թ.-ին սուրբ Վալենտինի օրը (փետրվարի 14) ամերիկացիների ընդհանուր ծախսերը կարող են աճել մինչև 25,9 միլիարդ դոլար՝ 2022 թ.-ի 23,9 միլիարդ դոլարի համեմատ. դա ռեկորդային ցուցանիշներից մեկը կդառնա այդ ծախսերի հաշվարկի սկզբից ի վեր, վկայում Է ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интефакс» գործակալությունից:

Հարցվածների կեսից ավելին (52%) նախատեսում Է նշել սուրբ Վալենտինի օրը և պատրաստ է դրա վրա միջին հաշվով ծախսել 192,80 դոլար. դա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2004 թ.-ին հաշվարկներ կատարելուց ի վեր:

2022 թ.-ի միջին ցուցանիշը կազմել Է 175,41 դոլար։ Այն դեպքում, երբ գործընկերների և ընտանիքի անդամների համար պլանավորված ծախսերը մնացել են անցյալ տարվա մակարդակին, բազմաթիվ սպառողներ այս տարի ցանկանում են ուրախացնել ընկերներին, գործընկերներին, համադասարանցիներին, ուսուցիչներին և նույնիսկ ընտանի կենդանիներին, նշում է NRF-ը:

Նվերների համար ամենից շատ պատրաստ են ծախսել 35-ից 44 տարեկան հարցվածները. այս տարիքային խմբում միջին ծախսերը, ինչպես սպասվում Է, կկազմեն 335,71 դոլար:

Առցանց խանութները (35%) շարունակում են մնալ նվերներ գնելու ամենատարածված վայրերը. դրանց հաջորդում են սուպերմարկետները (34%), դիսկուանտերները (զեղչված գներով ապրանքներ վաճառող խանութներ՝ 31%) և մասնագիտացված խանութները (18%): Ամենատարածված նվերներն են քաղցրավենիքը (57%), բացիկները (40%) և ծաղիկները (37%)։ Մինչդեռ հարցվածների 32%-ը պլանավորում է գնալ ռեստորան, 21%-ը զարդեր կնվիրի, 20%-ը` նվեր-քարտեր, 19%-ը՝ հագուստ։

Ինչպես ակնկալվում է, զարդերի վրա միագումար ծախսերը կկազմեն ավելի քան 5,5 միլիարդ դոլար, մոտավորապես 4,4 միլիարդ դոլար կծախսվի այդ տոնը տնից դուրս նշելու վրա: NRF-ի և Prosper Insights-ի հարցումն անցկացվել է հունվարի 3-ից 11-ն ընկած ժամանակաշրջանում. դրան մասնակցել Է ԱՄՆ-ի 7616 քաղաքացի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am