Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի․ Սերգեյ Լավրով

Armenpress 15:54, 18 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հունվարի 17-ին շփվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

«Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի մարդկանց, բեռների համար։ Առանձին որոշվել էր, որ ռազմական բեռներ այդ միջանցքով չպետք է անցնեն։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել և ականապատել Ադրբեջանի հետ սահմանակից շրջանները և այլն. մեր զինվորականները դրանք ուսումնասիրում են։ Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար ընդգծել է, որ  Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բոլոր հնարավորությունները ունեն ստուգելու միջանցքով անցնող բեռները՝ արգելված ապրանքների տեղափոխումը կանխելու համար։

«Տառացիորեն երեկ կամ նախորդ օրը հանդիպել են ՌԴ խաղաղապահները, ադրբեջանցիները և Ղարաբաղի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ հարցը (խմբ. միջանցքի բացումը) մոտակա ժամանակներում կլուծվի»,- ասել է Լավրովը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am