Հնդկաստանն սկսել է ռուսական AK-203 ինքնաձիգներ արտադրել

Armenpress 14:47, 17 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկությունն սկսել է AK-203 ինքնաձիգներ արտադրել Հնդկաստանի զինված ուժերի համար, հաղորդում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«AK-203 «Կալաշնիկով» ինքնաձիգների սերիական արտադրության մեկնարկից հետո Հնդկաստանի ուժային կառույցները կսկսեն ստանալ բարձրորակ, հարմար և ժամանակակից հրաձգային զենք: Մոդելը համատեղում է հիանալի էրգոնոմիկան, հարմարվողականությունն օգտագործողին և բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերը. սա աշխարհի լավագույն օրինակներից մեկն Է»,- հայտարարել Է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին ու Հնդկաստանին կապում են հուսալի գործընկերային հարաբերությունները։ Չեմեզովը սպառազինության համատեղ ձեռնարկության կառուցումը համարել Է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարևոր արդյունքներից մեկը։

Նշվում է նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը նպատակ ունի աշխատել հնդկական կողմի առաջադրած ToT (transfer of technology՝ տեխնոլոգիայի փոխանցում) պայմանների հիման վրա։

«Համատեղ ձեռնարկության արտադրական ծրագրերը ներառում են Հնդկաստանում AK-203 ինքնաձիգների արտադրության 100-տոկոսանոց տեղայնացում: Բացի այդ, ապագայում համատեղ ձեռնարկությունը կարող է մեծացնել արտադրության ծավալը և իրականացնել արդիականացում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի հարթակում հեռանկարային մոդելների թողարկման համար», - նշել են գերատեսչությունում։

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքով՝ Ամեթիում (Ուտար Պրադեշի նահանգ) գտնվող Korwa Ordnance Factory ձեռնարկությունում թողարկել են 7,62-միլիմետրանոց AK-203-ների առաջին խմբաքանակը: Նրա խոսքով՝ շուտով կսկսվեն ինքնաձիգների մատակարարումները հնդկական բանակին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am