Հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

Armenpress 18:48, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու հունվարի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուչինիի գլուխգործոցը կներկայացնեն աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին (Բարոն Սկարպիա): Մյուս դերերգերով հանդես կգան Հովհաննես Ներսեսյանը (Չեզարե Անջելոտտի, բաս), Հայկ Տիգրանյանը (եկեղեցու լուսարարապետ, բաս), Տիգրան Մելքոնյանը (Սպոլետտա, տենոր), Արմեն Գրիգորյանը (Շարոնե, բաս), Ֆերդինանդ Մուրադյանը (Բանտապետ, բաս) և Եվա Ազրոյանը (հովիվ, սոպրանո):

Օպերայի համերգային կատարմանը կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am