Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը

Armenpress 16:52, 1 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժություն»,- նշվում Է մամուլի հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական օկրուգների զորավարժարաններում նախատեսված է 8 երկկողմ զորավարժություն։

Աղբյուրի համաձայն՝ զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ներկայացուցիչների և ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացման մարտավարական գործողություններ:

Բոլոր զորաշարժերը կրելու են խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am