ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են 2023-2027 թթ.-ին տիեզերքում համագործակցության զարգացման ծրագիր

Armenpress 13:12, 29 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոսմոս»-ը և Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը ստորագրել են 2023-2027 թվականներին տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության զարգացման ծրագիր, հայտնել է ՌԴ պետական կորպորացիան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ռոսկոսմոս»-ի տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի կառավարությունների միջև տեղի Է ունեցել համաձայնագրի ստորագրում Միջազգային գիտական լուսնային կայանի (ՄԳԼԿ) ստեղծման գործում համագործակցության մասին, ինչը լուրջ քայլ է Երկրի բնական արբանյակի ուսումնասիրության ոլորտում։ Դեկտեմբերի 5-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել Էր, որ ստորագրման է պատրաստվել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը Միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծման մասին։

Դեկտեմբերի 21-ին «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը հայտարարել Էր, որ Ռուսաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել Լուսնի յուրացման և լուսնային բազայի ստեղծման համատեղ աշխատանքների մասին։ Պետական կորպորացիայի ղեկավարն այլ մանրամասներ չէր հայտնել։

Փետրվարի 23-ին Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Չինաստանը և Ռուսաստանը փոխհամաձայնության են հասել Լուսնի վրա գիտահետազոտական կայանի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի պայմանների շուրջ։

Նա նշել էր, որ համաձայնագիրը «կստորագրվի այս տարի հնարավորինս շուտ»։ 2021 թվականի մարտին ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել էին փոխըմբռնման միջկառավարական հուշագիր Միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծման ոլորտում համագործակցության շուրջ, իսկ լուսնային համատեղ բազայի կառուցման «ճանապարհային քարտեզը» ներկայացվել էր 2021 թվականի հունիսի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am