«Նոր գիրք»-47/22. Մաթևոսյան, Արցիբաշև, Շարմա, Գալուեյ

Armenpress 09:12, 26 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Արտակ Մաթևոսյան, «Ափը ծնոտը հենելու համար է»

Արտակ Մաթևոսյանի «Ափը ծնոտը հենելու համար է» վեպը մեր իրականության ընդհանրացված պատկերն է՝ խտացումներով, տիպական կերպարներով, հարաբերությունների ու կապերի բազմազանությամբ: Հեղինակային հրատարակություն։

 

Թարգմանական գրականություն
Միխայիլ Արցիբաշև, «Սանին»

 

Միխայիլ Արցիբաշևի «Սանին» (1907) վեպը ժամանակին միանշանակ չընդունվեց: Ամենուր խոսվում էր այս վեպի մասին, սակայն զարմանալի էր, որ վեպը քննադատում էին հակադիր քաղաքական և գեղագիտական հայացքներ ունեցողները: Խորհրդային տարիներին վեպը միտումնավոր մղվեց լուսանցք, սակայն 1980-ականների վերջերից դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան: Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին: Վեպը հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը, թարգմանությունը, ծանոթագրությունները և վերջաբանը` Արմեն Ղազարյանի:

Մանկապատանեկան գրականություն
Վիշնու Շարմա,  «Պանչատանտրա» հին հնդկական հեքիաթներ

Գիրքը հետաքրքրաշարժ պատմությունների գեղեցիկ պատկերազարդ ժողովածու է, որոնք ընթերցողին սովորեցնում են ողջամտություն, օգնում հասկանալ խարդախներից խուսափելու, արդարամտությունը և ազնվությունը գնահատելու կարևորությունը, և ձևավորում համամարդկային արժեքներ: Թարգմանությունն անգլերենից՝ Մանուշակ Ներսիսյանի։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Սքոթ Գալուեյ, «Մեծ քառյակը»

 

Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են:

Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում կարևորագույն հարցեր է տալիս: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է Մեծ քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտում այն, ինչ թաքնված է հաջողության քողի տակ: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները շահագործում են այնպիսի արագությամբ և ծավալով, որը հասու չէ մյուսներին: Հեղինակը նաև թվարկում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք ուրիշները կարող են կիրառել իրենց սեփական բիզնեսում կամ կարիերայում: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am