Դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ «Լուկա» ֆիլմն ընդգրկվել է Ռոտերդամի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Armenpress 11:48, 22 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է աշխարհի հեղինակավոր փառատոներից մեկում՝ Նիդերլանդներում կայացող Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ ֆիլմում Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս եզակի համագործակցության համար շնորհավորում է ֆիլմի արտասահմանյան ստեղծագործական և տեխնիկական ամբողջ կազմին, ֆիլմում ընդգրկված «Դոկինո» ընկերության հետ համագործակցող ստեղծագործողներին և ընկերության հիմնադիր-պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանին։

Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է որպես լիիրավ պրոդյուսերական կողմ Եվրիմաժից աջակցություն ստանալ, ինչն առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստան բերելու հնարավորություն ստեղծելով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am