ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Armenpress 01:59, 21 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ ձևն են»,- նշեց ԱՄՆ ներկայացուցիչը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am