Ամեն ինչ արել ու անելու ենք, մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին լավ բանի չի բերի. Ալեն Սիմոնյանը՝ խաղամոլության մասին

Armenpress 12:54, 20 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև վերջ ի կատար է ածում խաղամոլության դեմ պայքարի իր հանձնառությունը. իշխանությունը շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն Սիմոնյանը կարևորում է, որ քաղաքացիները հասկանան՝ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերելու:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, որով սահմանվում է, որ ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ընտրողների առջև իր հանձնառությունն ի կատար է ածում մինչև վերջ»,-ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը թվարկեց այն քայլերը, որոնք իշխանությունն իրականացրել է՝ խաղամոլության դեմ պայքարի համատեքստում: Օրինակ՝ ԱԺ-ն սահմանափակել է փողոցում առկա խաղամոլության գովազդները, արգելել է գովազդը հեռուստատեսությամբ, կայքերում: «ԱԺ-ն նույնիսկ հիմա քվեարկելու է, որ քողարկված գովազդը՝ ի դեմս ռադիոընկերությունների անվանումների, հեռուստաընկերությունների անվանումների, չլինի: Այսօր ֆուտբոլի առաջնության ավարտից հետո շատ-շատ քաղաքացիներ «բողոքում են», որ չեն  կարողանում, շատ դժվար է խաղադրույք կատարելը, ինչն ուրախալի բողոք է»,-ասաց Սիմոնյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին, որոնք զբաղվել են այդ խնդրի լուծմամբ:

«Կարծում եմ՝ մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք և անելու ենք: Մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերի և ավելի ուշադիր ու պատասխանատու վերաբերվեն իրենց անձին, իրենց ընտանիքին ու իրենց աշխատած գումարներին»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am