Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 15 համարի ներքո․ ՈՒՂԻՂ

Armenpress 19:00, 11 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես կգա 15 համարի ներքո: Նա կկատարի Dance ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին  www.junioreurovision.tv  կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 11-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Նարեի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում են 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորում է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am