Հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Armenpress 18:09, 6 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: 

«Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Տեղեկացնում  ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս  մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am