Բայդենը կայցելի Մեքսիկա՝ Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու

Armenpress 12:34, 6 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Axios պորտալին:

Գագաթնաժողովը կկայանա հունվարին: Բացի ԱՄՆ-ի նախագահից, միջոցառմանը կմասնակցեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տանը փորձում են մշակել քաղաքականություն, որը հնարավորություն կտա զսպել անօրինական ներգաղթյալների հոսքը ԱՄՆ-ի հարավային սահմանից, սակայն այդ հարցի «դյուրին» լուծումներ չկան:Նշվում է, որ լուծումներից մեկն է Մեքսիկայի ղեկավարին համոզել ուժեղացնել անվտանգությունն իր սեփական երկրի հարավային սահմանին, որպեսզի դադարի ներգաղթյալների հոսքը Կենտրոնական Ամերիկայից:

Ըստ Axios-ի՝ Մեքսիկայի նախագահն անցյալ շաբաթ է հայտարարել Բայդենի առաջիկա այցի մասին, բայց դա պետք Է պաշտոնապես հաստատեն նաև Միացյալ Նահանգների իշխանությունները: Պորտալի աղբյուրների խոսքով՝ ուղևորությունն իրոք կկայանա: Նշվում է, որ Մեքսիկայի նախագահը չէր այցելել անցյալ տարի Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի պետությունների գագաթնաժողովին՝ այդպես իր բողոքն արտահայտելով Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ղեկավարներին չհրավիրելու ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am