Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում

Armenpress 12:14, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին, հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և  երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի անձնակազմի հետ: Կներկայացվի Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» երաժշտական դրաման (հատվածաբար):

Ստեղծագործական հանդիսությունը կվարի անսամբլի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր-երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը: Նա հանդիսանում է նաև երաժշտական ներկայացման հեղինակը:

Դեկտեմբերի 3-ին Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը կներկայանա համերգային նոր հավաքական ծրագրով` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից:

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938  թվականին՝  մեծանուն երաժիշտ Թաթուլ Ալթունյանի  ջանքերով: 85 տարի շարունակ անսամբլը հանդես է եկել հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ և կատարողական բարձր արվեստով աշխարհին ներկայացնելու առաքելությամբ: Հարուստ տարեգրությամբ, աշխարհի բոլոր մայրցամաքներ այցելած անսամբլը շարունակում է աշխարհին ներկայացնել հայկական ավանդական երգը, պարը և ազգային նվագարանները: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը:

Անսամբլի տնօրենը և գեղարվեստական մասի պատասխանատուն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գրիգոր Ոսկանյանը, գլխավոր բալետմայստերը` Գարիկ Խաչիկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am