Իտալիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել իտալացի լրագրողին 44-օրյա պատերազմի իրական փաստերը ներկայացնող ֆիլմի համար

Armenpress 17:10, 25 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը Հռոմում կազմակերպված միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել իտալաարաբական «Ասադաքահ» կենտրոնին՝ հայանպաստ գործունեություն ծավալելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպան Համբարձումյանը մասնավորապես բարձր է գնահատել միջոցառմանը ներկա իտալացի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի գործունեությունը։ Վերջինս 44-օրյա պատերազմից հետո այցելել էր Հայաստան ու Արցախ և փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել՝ պատմելով Արցախում հայկական պատմական ու մշակութային ժառանգության մասին, ներկայացրել պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի վայրագություններն ու դրանց հետևանքները։

«Նրա կատարած աշխատանքն անչափ կարևոր է։ Ես գիտեմ, որ Ստեֆանիան Միլանից է, սակայն նա գրեթե երբեք չի լինում Միլանում։ Փոխարենը նրան կարելի է տեսնել թեժ կետերում, ինչպիսիք են Արցախը, Աֆղանստանը, որտեղ վտանգված են մարդկային կյանքեր։ Նա ինքը մարտիկ է, իսկ այսօր պրոֆեսիոնալ լրագրությունը նրա նմանների կարիքը շատ ունի»,- նշել է Իտալիայում ՀՀ դեսպանը։

Նա մասնավորապես խոսել է իտալացի լրագրողի ցուցաբերած քաջության մասին, ով իր կատարած աշխատանքով փորձեց կոտրել միջազգային հանրության անտարբերությունը. «44 օր շարունակ Լեռնային Ղարաբաղը կրակի տակ էր, կրակի տակ էին հայտնվել բնակելի տները, դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կանայք ու երեխաները, իսկ աշխարհը լուռ էր։ Ստեֆանիա Բատիստինին այն քչերից էր, ով չլռեց։ Նա իտալական հանրությանը, Իտալիայում և նրա սահմաններից դուրս, RAI 1-ով պատմեց այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, մի փոքրիկ երկրում, որն արդեն 30 տարի պայքարում է հանուն ազատության, հանուն ժողովրդավարության և հանուն կյանքի իրավունքի»: 

   

 

Ստեֆանիա Բատտիստինին շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել, որ իր համար պատիվ էր Հայաստանում կատարել այդ աշխատանքը: «Մասնավորապես կցանկանամ շնորհակալութուն հայտնել, քանի որ դուք ինձ առիթ ընձեռեցիք այդ աշխատանքը կատարելու մեծ ազատուտությամբ, ինչը միշտ չի պատահում, որովհետև, հարձակման ենթարկված երկիրը հաճախ ինքն իր մէջ է պարփակվում»,-ասաց նա՝ շեշտելով «ազատ լրագրության» կարևորությունը՝ կրկին շնորհակալութուն հայտնելով իրեն վերապահված այդ մեծարանքի համար։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am