ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

Armenpress 13:04, 24 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն մամուլում հրապարակված անունները և արդյոք Ազգային ժողովում անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց:

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am