Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Armenpress 18:09, 17 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:

Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am