Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե խաղաղության շրջանակային պայմանագիր կնքելու դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու

Armenpress 14:03, 17 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում, հնարավոր է՝ դժվարություններ ունենալ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին է, որ դետալային հարցերի շուրջ Ադրբեջանի հետ այս պահին պայմանավորվածություն ձեռք բերելու դժվարությամբ պայմանավորված՝ գործընթացները ձգձգվում են,  ինչն իր հետ բերում է նաև ընդհուպ մինչև էսկալացիայի ռիսկեր: Ու մենք նման առաջարկով ենք հանդես եկել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ շրջանակային պայմանագրում պետք է ֆիքսվեն կարմիր գծերը և ընդհանուր խնդիրները, ինչի հիմքի վրա հնարավոր է առաջ շարժվել:

«Սա առաջարկ է, որը մեր կողմից է հնչել: Մենք դեռ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացն ինչ զարգացում է ունենալու և ըստ այդմ՝ առաջ շարժվենք: Կարմիր գծերը ֆիքսել ենք. մենք ասել ենք, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է: Ըստ էության՝ դա ինքնին արդեն նշանակում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:

Եվ մենք փորձում ենք փորձել հնարավորինս ճկուն լինել՝ հասցեագրելով խնդիրները բանակցային գործընթացում, և առաջ շարժվել: Բնականաբար, նաև փորձում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն ակնկալելով՝ նվազեցնել հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում էսկալացիայի ռիսկը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am