Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

Armenpress 11:07, 8 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման  համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ:  Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին:

«Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 միլիարդ 354 միլիոն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը շուրջ 300 միլիոն դրամ է կազմել:

Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն,  մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև  գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am