Պաշպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին ստացվել է մասնակցության շուրջ 1500 հայտ

Armenpress 09:00, 3 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության  դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։

«Մասնակիցների աշխատանքային հնարավոր զբաղվածությունը հաշվի առնելով՝ նախատեսում ենք հրաձգության դասընթացներն անցկացնել շաբաթ և կիրակի օրերին։ Հրաձգության առաջին դասընթացը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ ՊՆ-ի տրանսպորտային միջոցներով մասնակիցները կենտրոնական հավաքակայանից կտեղափոխվեն հրաձգարան։ Նրանք ապահովված կլինեն սննդով։ Ասեմ, որ ստեղծված են լինելու բոլոր հարմարությունները»,-ասաց Արամ Թորոսյանը։

Պաշտպանության նախարարությունը ներկայում իրականացնում է խմբերի բաշխում։ Պատասխանատուները վստահեցնում են, որ բոլոր գրանցվածները դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունենալու։

 ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ընդգծեց, որ դասընթացն անցկացնելու են փորձառու զինվորականները։ Բուն դասընթացը բաղկացած է լինելու մի քանի մասերից՝զենքի կառուցվածք, մարտավարատեխնիկական բնութագրի ուսումնասիրում, նշանառության, զենքի օգտագործման, անվտանգության կանոնների ուսուցում, պահեստատուփերի լիցքավորում և լիցքաթափում, զենքի քանդում և հավաքում, կրակային դիրքի զբաղեցում, հրաձգության գործնական պարապմունք։ Կանցկացվեն նաև առաջին բուժօգնության դասընթացներ։Նախատեսված է խրախուսել լավագույն արդյունքներ գրանցողներին։

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նկատեց, որ նախարարությունը քաղաքացիներից բազմաթիվ նամակներ, զանգեր ու առաջարկներ է ստացել նման դասընթացներ անցկացնելու համար։ Հրաձգության դասընթացներն այս փուլում կանցկացվեն Երևանում, այնուհետև նախառեսված է դասընթացներ անցկացնել մարզերում։ Ըստ Արամ Թորոսյանի՝շատ հավանական է, որ նման դասընթացները կրեն պարբերական բնույթ։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am