ՀՀ նախագահը և Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարն անդրադարձել են Ադրբեջանում անազատության մեջ պահվողների ու անհետ կորածների խնդրին

Armenpress 20:55, 1 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից «Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն՝ ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն: Ըստ աղբյուրի՝ Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին: Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am