Պեկինում զարգացման նոր մակարդակի բարձրանալը կապում են գիտության ու տեխնոլոգիաների հետ

Armenpress 11:19, 19 Հոկտեմբեր, 2022

ՊԵԿԻՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում զարգացման հիմնական գրավական են համարում  գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Կոմունիստական կուսակցության մշտական կոմիտեի անդամ և Պեկինի քաղաքային կոմիտեի գլխավոր քարտուղար Ժաո Լեյսը: Վերջինս ընդգծեց, որ Պեկինի քաղաքային կոմիտեի բոլոր ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին, իրենց ամբողջական դրական գնահատականն են տվել նախագահ Սի Ծինփինի ներկայացրած հաշվետվությանը:

«Մենք պետք է լրջորեն մտածենք նորարարությունների ներդրման մասին, ասել է, թե զարգացման նոր մակարդակի անցնենք` առաջնորդվելով գիտությամբ և տեխնոլոգիայով, տաղանդով և նորարարությամբ: Ինչպես ասել է գլխավոր քարտուղար Սի Ծինփինը` աշխարհն այժմ մեծ փոփոխություններ է կրում,  բայց գիտությունը և տեխնոլոգիան մեծ հնարավորություններ են բացում»,-ասաց նա:

Լեյսի խոսքով` մայրաքաղաք Պեկինը վերջին տարիներին ավելացրել է հետազոտությունների համար նախատեսված ծախսերը: Մայրաքաղաքում ավելացրել են նաև տեխնոլոգիական առաջընթացին ուղղվող ծախսերը: Պեկինի քաղաքային կոմիտեն շեշտադրում է կատարում նաև թվային տնտեսության վրա` ապագայի հեռանկարներն ու զարգացման նոր մոդելը հաշվի առնելով:

Պեկինի իշխանությունների համար առաջնահերթ է նաև էկոլոգիական միջավայրը, մարդկանց և բնության ներդաշնակությունը: Մայրաքաղաքը մեծ զարգացում և առաջընթաց է ապրել ոչ միայն էկոլոգիական միջավայրի, այլ նաև մթնոլորտի, ջրի ու հողի անվտանգության, մաքրության և բազմազանության ապահովման հարցերում:

Անդրադարձ կատարելով ապագա պլաններին` Ժաո Լեյսը շեշտեց, որ Պեկինը շարունակելու է հավատարիմ մնալ Կոմունիստական կուսակցության:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am