Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հակոբջանյանը

Armenpress 14:09, 12 Հոկտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: 
«Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը: Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է նաև  «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը: 
Սիսիանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am