Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Armenpress 12:14, 11 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:

Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային և ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի և Կիևի մարզերում: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԶՈՒ գլխավոր շտաբի պլանով գերճշգրիտ հեռահար հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի ենթակառուցվածքներին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am