Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին

Armenpress 00:13, 11 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։

«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։

Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք  ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։

«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։

Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am